NEWS.am-ին հասած տեղեկություններով՝ շուրջ 10 օր է՝ Արարատի մարզի մի շարք գյուղերում (մասնավորապես Վերին Արտաշատ, Նորաշեն, Քաղցրաշեն) մեծ տարողությամբ բեռնատար-սառնարաններ են շրջում եւ գյուղացիներից խաղող են մթերում: Մեքենաները, գյուղացիների պատմելով, պատկանում են SPAYKA ընկերությանը, որը շուկայականից բավական ցածր գներով է մթերում խաղողը՝ 150-190 դրամով: Վերին Արտաշատ գյուղում ներկա դրությամբ չորս մեքենա է շրջում: Գյուղացիներն ասում են, որ բիզնեսի հետեւում կանգնած է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին: Ավելին, այս գործում փայատեր է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հենց նրա մարդիկ էլ գլուխ են բերում խաղողի այգի ունեցող գյուղացիներին համոզելու եւ նրանց հետ գործարք կնքելու գործը: Ըստ գյուղացիների՝ նրանք հաճախ վերջնագիր են ներկայացնում, պնդելով, որ խաղողի այգիների տերերը խաղողը վաճառեն իրենց՝ SPAYKA-ականների սահմանած գներով:
Մթերվող խաղողը արտահանվում է մասնավորապես Ռուսաստան եւ ԱՊՀ այլ երկրներ, եւ մի քանի անգամ թանկ գներով իրացվում: Նախկինում գյուղացիներից խաղողը մթերում էին Վրաստանից եկող անհատ գործարարները, որոնց բիզնեսին, փաստորեն, այժմ վտանգ է սպառնում՝ ի հայտ եկած նոր ու լուրջ մրցակիցների պատճառով:




























