Եթե հանրաքվեում «ոչ»-ը հաղթի, դա տապալման խնդիր չէ, պարզապես պետությունն ավելի նվազ զարգացման տեմպերով առաջ կգնա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով Սահմանադրության սպասվող հանրաքվեին:
Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին, ԱԺ նախագահն աաց. «Շատ լավ էր, որ հակառակ կողմերը միասին ժողովրդի մեջ էին: Էստեղ տրամաբանորեն չես կարող դիտարկել սա մրցակցություն էր եւ ով հաղթեց: Կարեւորն այն էր, որ քաղաքական մշակույթ է ձեւավորվում եւ դա դրական եմ գնահատում:
«Ոչ»-երը շատ կլինեն, կլինի ոչ: Սա տապալման խնդիր չէ, անձերի խնդիր չէ, ընդամենը կառավարման մի մոդելից մյուսին անցնելն է, դրա տապալվելը ո՞րն է: Մենք այդտեղ տեսնում ենք բավականին լուրջ հնարավորություն բարեփոխումների առումով: Ոչ կասեն, թող հանգիստ գան իրենց ոչ-ն ասեն»,-ընդգծեց Գալուստ Սահակյանը:
Հարցին, թե ինչպես է գնահատում «Այո»-ի շտաբի գործունեությունը, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ «այո»-ի քարոզարշավը ՀՀԿ-ի բեռն էր: Սա այն քաղաքական ուժերի բեռն էր, որոնք տարիներ շարունակ պայքարում էին այս մոդելի համար: Պարզապես այս անգամ ՀՀԿ-ն աջակից եղավ: Սա կենաց մահու կռիվ չէ, որ ասում եմ «մահ ռեժիմին», թե որ ռեժիմին, անհայտ»:
Իսկ Սերժ Սարգսյանը կխոսի՞ մինչեւ հանրաքվեն, հարցին էլ արձագանքեց. «Ենթադրում եմ, որ պիտի խոսի: Դուք մտածում եք, որ մենք առավոտից երեկո մտածում ենք, թե ով պիտի խոսի, երբ պիտի խոսի: Հանկարծ եթե այս հանրաքվեն չանցնի, պարզապես պետությունն ավելի նվազ զարգացման տեմպերով կգնա»:
«Ոչ»-ի ճակատից Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե «հեղափոխությունն սկսված է», ԱԺ նախագահն այսպես արձագանքեց. «Հայտարարեցին, թե հեղափոխությունն սկսված է, նաեւ հայտարարեցին, թե երկիշխանություն է, բայց երկրորդ իշխանության իշխաններին չտեսանք»:




























