ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանին Երեւանի նորակառույց շենքերից մեկում բնակարանի սեփականության վկայագիր է նվիրել:

Սերժ Սարգսյանը օգոստոսի 23-ին Ջերմուկում ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված` ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը:

Երկրի նախագահը շնորհավորել է մրցաշարի հաղթողին` Վասիլի Իվանչուկին, լավ հաղթանակի համար: «Ես երջանիկ եմ, որ մենք կարողացանք աշխարհի ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ պատվել մեծ հայորդուն` Տիգրան Պետրոսյանին: Սա նաեւ նրա տոնն է, նրա երազանքների ու իդեալների տոնը: Մենք առանց Տիգրան Պետրոսյանի չէինք կարող ունենալ այսօրվա շախմատային Հայաստանը»,- ասել է Սարգսյանը:

Այնուհետեւ նախագահը, Տիգրան Պետրոսյանի որդին` Վարդան Պետրոսյանը եւ ՖԻԴԵ-ի ղեկավարները հուշանվերներ ու պարգեւներ են հանձնել ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» «Ջերմուկ-2009» մրցաշարի առաջին երեք մրցանակակիրներին:

Հանդիսության մասնակիցները ջերմորեն շնորհավորել են «Գրան Պրի»-ի հաղթող Լեւոն Արոնյանին. Ջերմուկի մրցաշարից հետո նա ընդհանուր արդյունքներով անհասանելի է դարձել մյուս մրցակիցների համար եւ իրավունք ստացել մասնակցել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:

Երկրի ղեկավարը եւս ջերմորեն շնորհավորել է Լեւոն Արոնյանին եւ Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի կողմից նրան որպես պարգեւ հանձնել է Երեւան քաղաքի կենտրոնի նորակառույց շենքերից մեկում բնակարան ձեռք բերելու իրավունքը հաստատող սեփականության վկայական: