Եթե մինչեւ դեկտեմբերի 6-ը Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող  «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին չհաջողվի կասեցնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, ապա դեկտեմբերի  7-ից «Նոր Հայաստանն» ու «Հայ ազգային կոնգրեսը» միասին կշարունակեն պայքարը՝ իշխանափոխության հասնելու համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ընդդիմության միասնական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով  ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այն հայտարարությանը, որ «Հայ ազգային կոնգրեսը» չի միանալու «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած նստացույցին:

«Ընդդիմությունը համագործակցաբար է շարունակելու իր ընթացքը, ես այդտեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում, առաջին օրվանից էլ մենք ունեցել ենք պայմանավորվածություն՝ իրենք ունեն իրենց ուղին, մենք մերը, սակայն վերջում երկու ուղիները հատվելու են մի կետում: Եթե մեզ  հաջողվի մինչեւ դեկտեմբերի 6-ը հասնել այնպիսի մի իրավիճակի, որ մազից կախված  մնա ռեժիմի լինել-չլինելու հարցը, իրենք միանալու են: Իսկ եթե մեզ չհաջողվեց մինչեւ 6-ը, ապա 7-ից հետո պայքարը միասին կշարունկենք իշխանափոխության օրակարգով: Իսկ այսօր մեզ միավորողը պետք է լինի հանրաքվեի կասեցումը, այդ կաղապարով այսօր ընդդիմությունը միավորված է»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրայի փրկության ճակատը դեկտեմբերի 1-ին Երեւանի Ազատության հրապարակում հրավիրել է համազգային հանրահավաք՝ դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու եւ իշխանությունների հրաժարականի պահանջով: «Նոր Հայաստան» հանրայի փրկության ճակատի երկու տասնյակ մասնակիցներ գիշերն անցկացրել են Ազատության հրապարակում: