Դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ամենաճակատագրականն է լինելու պատմության մեջ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչների հետ հանդիպմանն ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
«Պատմության մեջ առաջին ճակատագրական հանրաքվեն է լինելու: 1995թ. ընդունված Սահմանադրությունը նորություն չէր, քանզի մենք ստեղծել էինք արդեն պետություն, մեր ինստիտուտները, պետք էր միայն սահմանադրորեն ամրագրել այս ամենը: 2005թ. նույնպես գործող իրավիճակում առանցքային փոփոխություն չէր լինում, քանի որ Սահմանադրությունը համապատասխանեցվում էր հասարակության ներքին իրավիճակին: Այսօր պատմության մեջ առաջին անգամ դրված է հարց՝ մենք ցանկանում ենք սահմանադրորեն փոխել եւ անցում կատարել մեկ այլ իրավիճակի»,- ասել է Սամվել Ֆարմանյանը:
ՀՀԿ-ականի խոսքով՝ ներկայիս իրավիճակում կամ ղեկավարներն են դառնում Նազարբաեւ, Լուկաշենկո, Պուտին, կամ հասարակությունը շրջվում եւ գնում է ժողովրդավարական ճանապարհով. «Պարզից էլ պարզ է, որ Հայաստանը Լուկաշենկոյի օրինակին չի կարող հետեւել: Հետեւաբար, մեզ մնում է ժողովրդավարական ճանապարհը, որտեղ պետք է չլինեն ցմահ ղեկավարներ, իսկ դա կարող է լինել Սահմանադրական փոփոխություններով, երբ անցում է կատարվում դեպի խորհրդարանական համակարգ»:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի վեցին:





























