Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է սահմանադրական փոփոխություների դեմ «Ոչ»–ի ճակատի հանրահավաքը: (ֆոտոռեպորտաժ)
Թեեւ հանրահավաքը հրավիրել է «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, ՀԱԿ-ը եւ ՀԺԿ-ն, ըստ էության այսօրվա հանրահավաքը համատեղ է լինելու` դեկտեմբերի 1–ից հրապարակում անժամկետ հանրահավաքներ ու նստացույց սկսած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հետ, որի կազմում են «Հիմնադիր խորհրդարանը» եւ «Ժառանգությունը»։
Այնուամենայնիվ, ՀԱԿ–ը հայտարարել է, որ չի միանալու «Նոր Հայաստանի» նստացույցին: Հանրահավաքին կհաջորդի երթ։
Հրապարակում են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը, «Ոչ»–ի ճակատի շտաբի ղեկավար, ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը։ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր–Պետրոսյանն այսօր նույնպես չի մասնակցում հանրահավաքին։
Ժամը 17։00–ին նախատեսված հանրահավաքը սկսվեց ուշացումով։
Նշենք, որ Երեւանում վաղ առավոտից առատ ձյուն է տեղում։ Չնայած դրան` «Նոր Հայաստանը» Ազատության հրապարակից չի հեռացել, ավելին հայտարարել է, որ այսօրվա հանրահավաքից հետո մտադիր է վրաններ տեղադրել հրապարակում, նույնիսկ եթե մշակույթի նախարարությունը թույլտվություն չտա։
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որով նախատեսվում է անցում դեպի կառավարման խորհրդարանական համակարգ, տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 10-ին:





























