Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում, ռուսների հետ համատեղ, Սամսուն-Ջեյհան նավթամուղի շինարարությունն իրական է համարում: «Մենք խոստացանք Էրդողանին, որ կմասնակցենք այդ աշխատանքներին. մենք այդպես էլ կանենք»,-ասել է Պուտինը, «Վալդայ» քննարկումների ակումբի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, ներկայումս գլխավոր խնդիրն այդ նավթամուղը նավթով լցնելն է, որի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստին», Սամսուն-Ջեյհան նավթամուղը պետք է սեւծովյան Սամսուն նավահանգիստը միացնի միջերկրածովյան Ջեյհանի հետ, որը թույլ կտա նավթը տեղափոխել, շրջանցելով Բոսֆոր եւ Դարդանել նեղուցները:

2009-ի հոկտեմբերին Միլանում համաձայնագիր է ստորագրվել, ըստ որի ռուսական «Ռոսնեվտ» եւ «Սովկոմֆլոտ» ընկերությունները թուրքական Calik եւ իտալական Eni ընկերությունների հետ միասին կմասնակցեն  Սամսուն-Ջեյհան նավթամուղի շինարարությանն ու շահագործմանը, ինչպես նաեւ նավթամթերքների տեղափոխմանն ու համատեղ վաճառքին: Այս նախագծի նկատմամաբ հետաքրքրություն է ցուցաբերել նաեւ ռուսական «Լուկոյլը»: ՌԴ փոխվարչապետ Իգոր Սեչինը հայտնել է, որ նավթամուղի շինարարության նախագծի արժեքը կազմում է 3 մլրդ դոլար: