Հնարավոր չէ միանգամից լուծել աղետի գոտու վերականգնման հարցը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը Գյումրի էր մեկնել՝ հարգելու Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը:

«Աղետի գոտու վերականգնամն համար գումարներ տրամադրվում են եւ շարունակում ենք տրամադրել: Ուղղակի հնարավոր չէ միանգամից հարցը լուծել: Գյումրիի խնդիրները լուծելով՝ առաջ ենք գնում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մի քանի պատգամավորներ, ի հիշատակ զոհերի, ծաղիկներ դրեցին Գյումրիի «Սուրբ Ամենափկրիչ» եկեղեցում տեղադրված 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված արձանի մոտ:

Հիշեցնենք, որ 27 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41, Հայաստանը ցնցեց Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Հզոր ստորգետնյա ցնցումները կես րոպեում ավերեցին հանրապետության գրեթե ողջ հյուսիսային մասը՝ ընդգրկելով մոտ 1 մլն բնակչություն ունեցող տարածք: Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը կազմել է 10 բալ (12-բալանոց սանդղակով): Ստորգետնյա ցնցումները զգացվել էին Երեւանում եւ Թբիլիսիում:

Պաշտոնական տեղեկություններով՝ զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթեւան է մնացել 530 հազար բնակիչ: