Այսօր՝ սեպտեմբերի 7-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում փոքր ՀԷԿ-երի խնդիրներին նվիրված քննարկման ընթացքում հետաքրքիր բանավեճ ծավալվեց բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի միջեւ։ Ի պատասխան բնապահպանների այն դիտողությանը, որ փոքր ՀԷԿ-երի շինարարության ընթացքում լուրջ բնապահպանական ռիսկեր են ստեղծվում, մասնավորապես՝ ոչնչացվում են Կարմիր գրքում գրանցված ձկնատեսակներն ու կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներ, Հ. Թոքմաջյանը հայտարարեց, որ բնապահպանները չունեն լուրջ պատրաստություն եւ մանր-մունր հարցերով փորձում են արգելակել էներգետիկայի զարգացմանը։ «Այդ մի քանի ձուկը ավելի կարեւո՞ր են, քան էներգետիկան»,- հռետորական հարցադրում արեց համալսարանի ռեկտորը։ Նա հիշեց մութ ու անլույս տարիները, այն ջանքերը, որոնց պատճառով չկառուցվեցին Կապսի ու Եղվարդի ջրամբարները, հետաձգվեց Մարմարիկի ջրամբարի կառուցումը։ Թոքմաջյանի կարծիքով՝ եթե փոքր ՀԷԿ չկառուցենք, ստիպված ենք լինելու բնությունը շատ ավելի աղտոտել ջերմակայանների արտանետած գազերով։
Ռեկտորի կտրուկ ու «հակաբնապահպանական» հայտարարությունների ազդեցությունը մեղմելու նպատակով, առավել եւս, որ համաժողովին մասնակցում էին Նորվեգիայի Norsk Energi կազմակերպության ներկայացուցիչները, Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչ Աբգար Բուդաղյանն ասաց, որ ՀԷԿ-երը պետք է կառուցել այնպես, որ ե’ւ ձկները կենդանի մնան, ե’ւ էներգետիկան զարգանա։ Նորվեգական կազմակերպության ներկայացուցիչ Էն Իրեն Գլիմսդալը տեղեկացրեց, որ ՀԷԿ-եր կառուցելիս իրենց երկրում նույնպես դժգոհություններ են լսվում բնապահպանական կազմակերպությունների կողմից։ Արդյունքում՝ որոշ վայրերում ընդհանրապես ՀԷԿ կառուցելն արգելված է, որոշ վայրերում թույլ է տրվում օգտագործել ջրի հոսքի 50 տոկոսը։ Այնուամենայնիվ, երկրի էլեկտրական էներգիայի մոտ 90 տոկոսը արտադրվում է ՀԷԿ-երում, որոնք էլ հիմնականում փոքր են։





























