Իրանն ունի մինչ այժմ անհայտ ստորգետնյա օբյեկտ, որը կապված է նրա միջուկային ծրագրի հետ, նշվել է Վաշինգտոնի Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտի (ISIS) փորձագետների նոր զեկույցում։
Զեկույցում նշվել է, որ օբյեկտը գտնվում է Նաթանզում, ուրանի հարստացման միջուկային համալիրի շրջանում։ Փորձագետների տվյալներով՝ օբյեկտը, հավանաբար, կապված է ուրանի հարստացման հետ՝ ատոմային զենքի արտադրությունում հնարավոր օգտագործման նպատակով։
«Ինստիտուտը Նաթանզի միջուկային համալիրի տարածքում հայտնաբերել է առանձին, խորացված բունկերային կառույց, որը, հավանաբար, նախատեսված է ուրանի հեքսաֆտորիդի պահեստավորման համար՝ Նաթանզի վառելիքի հարստացման գործարանում ուրանի լայնածավալ հարստացումն ապահովելու նպատակով։ Բունկերային կառույցը կառուցվել է 2010-2017 թվականների ընթացքում, ընդ որում՝ շինարարության հիմնական մասը բաժին է ընկել 2015-2017 թվականներին», - նշվել է զեկույցում։
Հետազոտության մեջ նշվել է, որ օբյեկտը չի վնասվել ոչ անցյալ տարվա հունիսին իրանական միջուկային կենտրոնների դեմ ամերիկա-իսրայելական հարվածների ընթացքում, ոչ էլ Իրանի դեմ ներկա ռազմական արշավի ժամանակ։
«Ամենայն հավանականությամբ, օբյեկտը ռազմական գործողությունների թիրախ չի եղել ոչ 2025, ոչ էլ 2026 թվականներին։ 2025 թվականի հունիսյան պատերազմից հետո առկա արբանյակային լուսանկարներում օբյեկտում որևէ (շինարարական) տեխնիկայի ակտիվություն չի նկատվել», - նշել են փորձագետները։
Նրանց կարծիքով՝ գաղտնի օբյեկտի գոյության մասին տվյալները նոր մտահոգություններ են առաջացնում այն հարցի շուրջ, թե արդյոք Իրանի միջուկային ներուժը ոչնչացվել է ԱՄՆ և Իսրայելի երկու ռազմական գործողությունների ընթացքում՝ 2025 և 2026 թվականներին։





























