Մեքսիկական  LTM Hot Spot ընկերությունը ներկայացրել է The Inferno սուպերկարը, որը զինված է 1400 ձիաուժ հզորությամբ բիտուրբո V8 շարժիչով: Կուպեի հանրային ներկայացումը տեղի է ունեցել Մեխիկոյում հատուկ միջոցառման ընթացքում: 

The Inferno-ն ի վիճակի է առաջին «հարյուրը» հավաքել երեք վայրկյանից էլ պակաս ժամանակում, իսկ նրա առավելագույն արագությունը ժամում   395 կիլոմետր է:

Կուպեն ալյումինի, ցինկի եւ արծաթի ձուլվածքներից կազմված պենոմետաղե թափք ունի: Նյութը, որն արտոնագրված է  LTM Hot Spot անվան տակ, իր մեջ համադրում է մեծ կարծրությունը եւ չափազանց ցածր խտությունը, որը հավասար է   3600 կգ/մ3 (համեմատության համար ասենք, որ պողպատի միջին խտությունը կազմում է 7600 կգ/մ3): Պենոմետաղն ի վիճակի է  իր նախնական վիճակից մինչեւ հարյուր անգամ երկարել, ինչի շնորհիվ սուպերկարը հարվածների ամորտիզացիայի բարձր աստիճան ունի, գրում է  Motor-ը:

Կուպեի ստեղծման վրա մոտ յոթ տարի է ծախսվել: Ավտոմեքենան մշակվել է մեքսիկացի ինժեներների կողմից, սակայն դրա կառուցմամբ զբաղվել են իտալացի մասնագետները: Նախագծի ղեկավար է դարձել Անտոնիո Ֆերայոլին, որն ավելի վաղ մասնակցել էր  Lamborghini – Reventon, Veneno եւ Asterion ապրանքանիշերի սուպերկարի ստեղծմանը:

Ենթադրվում է, որ  The Inferno-ի արտադրությունը կսկսվի  2016-ին: Ընդ որում LTM Hot Spot-ը հրաժարվել է տեղեկացնել, թե արդյոք Մեխիկոյում ցուցադրվել է ամբողջությամբ աշխատանքային նախատիպը, թե ընդամենը սուպերկարի մակետը: