Նորվեգական խորհրդատվական Nosk Energi կազմակերպությունը Հայաստանում սկսել է 4-ամսյա մի ծրագիր, որով նախատեսվում է աջակցել մեր երկրում բուռն թափ ստացած փոքր հիդրոկայանների շինարարությանը։ Ծրագիրը ֆինանսավորում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը, աջակիցներն են «Ամերիաբանկը» (փոքր ՀԷԿ-երի վարկավորման առաջատար կազմակերպությունն է Հայաստանում), KFW բանկը, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը։
Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի՝ Հայաստանը ցանկանում է մինչեւ 2020 թ. փոքր ՀԷԿ-երի մասնաբաժինը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ հասցնել մինչեւ 10 տոկոսի՝ ներկայիս 5 տոկոսի համեմատ։
«Ամերիաբանկի» տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի տեղեկացմամբ՝ փոքր ՀԷԿ-երի կառուցման բնագավառում արդեն իսկ իրականացվել է 36 մլն դոլարի ներդրում, եւ ներդրումային ծրագրերը շարունակվում են։
Հաշվի առնելով Հայաստանում փոքր հիդրոկայանների կառուցման դրական փորձը՝ KFW գերմանական բանկը առաջիկա 1 ամսվա ընթացքում կհատկացնի եւս 18 մլն դոլարի վարկային ռեսուրս՝ ի լրումն նախկինում տրամադրած 6 մլն դոլարի։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյանը պարզաբանեց, որ KFW բանկի հայաստանյան գործընկեր բանկերի թիվը ավելացել է 10-ով՝ մինչեւ 16 բանկ։ Նրանք պետք է փոքր ՀԷԿ-երին վարկ տրամադրեն հայկական դրամով, որից հետո հնարավորություն կստանան այն վերաֆինանսավորել հիմնադրամի միջոցներից։ Վարկը տրամադրվում է մինչեւ 12 տարի ժամկետով (նախորդ ծրագրով 10 տարի էր), որից 2 տարին կարող է լինել արտոնյալ։ Տոկոսադրույքը տարեկան 10,5 տոկոս է։
Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Հայաստանում 50 ընկերությունների 65 փոքր ՀԷԿ կառուցելու արտոնագիր է տվել։




























