Ջավախահայ քաղբանտարկյալ, «Միացյալ Ջավախք» կազմակերպության ղեկավար Վահագն Չախալյանին վրացական բանտում փորձում են ֆիզիկապես վերացնել:
Ֆրանսիայում գործող «Չոբանյան» ինստիտուտը նամակով դիմել է ֆրանս-վրացական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Դանիել Պոլյեին՝ մտահոգություն հայտնելով, որ Վրաստանում ազատազրկման դատապարտված Չախալյանին մահ է սպառնում: «Վրացական իշխանությունները Ջավախքի հայաթափման նպատակամղված քաղաքականություն են իրականացնում»,- ասված է նամակում:
Ըստ նամակի հեղինակների՝ այդ պնդման համար հիմք է ծառայում Չախալյանին հուլիսի 31-ին Թբիլիսիի թիվ 8 Գլդանյան մեկուսարանից Ռուսթավիի թիվ 2 գաղութ տեղափոխելու փաստը, որտեղ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծված տարատեսակ սադրանքների համար:
«Ֆրանսիան, որպես մի երկիր, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, չի կարող անտարբեր մնալ ստեղծված իրավիճակում: Մենք պահանջում ենք Ձեր միջամտությունը, որ վրացական իշխանությունները անվտանգության երաշխիքներ ապահովեն Վահագն Չախալյանին»,- նշում են նամակի հեղինակները:
Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ ակնհայտ քաղաքական ենթատեքստով մեղադրանքներով:




























