Այսօրվանից Հայաստանի կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում 100 հազար անվանական արժեքով թղթադրամներ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը: Նրա խոսքով, այսօր ամենամեծ անվանական արժեք ունեցող 50 հազարանոց թղթադրամները կանխիկի շրջանառության մեջ կազմում են 7 տոկոս, եւ ԿԲ-ն կանխատեսում է, որ 100 հազարանոց թղթադրամների չափաբաժինը կանխիկի շրջանառության մեջ կկազմի 3 տոկոս:

Հարցին, թե արդյո՞ք սա դրամի դեվալվացիայի մասին չի խոսում եւ արդյո՞ք գնաճի վտանգ չի ստեղծում, նա պատասխանեց, որ թեեւ այդպիսի մտահոգություն իրենք ունեցել են, բայց հետո ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մտահոգվելու առիթ չկա: «Մենք ունենք երկու հիմք, ենթադրելու, որ նման վտանգ չի սպառնում: Առաջինն այն է, որ մեր տնտեսության մեջ ամենամեծ նոմինալ թղթադրամը հանդիսացող 50 հազարանոցով իր էվոլյուցիան ապրել է, սպասարկելով տնտեսությունը, որ հասել է 7 տոկոսանոց մակարդակի: Մեր գնահատականներով, 100 հազարանոց թղթադրամը կզբաղեցնի կանխիկ շրջանառության մոտ երեք տոկոսը, ինչը որեւէ ազդեցություն գնաճի տեսանկյունից չի կարող թողնել: Երկրորդ. Մենք ունենք մի քանի երկրների փորձը (Մերձբալթյան երկրներ, Դանիա, Չեխիա, Շվեյցարիա), որը ցույց է տալիս, որ դա հեշտացնում է շրջանառությունը եւ օգնում է խոշոր գործարքները նաեւ այլ արտարժույթով իրականացնելիս»,- ասաց Վ. Աբրահամյանը:

Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ այն, թե 50 հազարանոց թղթադրամը կանխիկ շրջանառության ընդամենը 7 տոկոսն է զբաղեցնում, էլ ի՞նչ իմաստ ուներ նաեւ 100 հազարանոց նետել շրջանառության մեջ: Այս հարցին ի պատասխան ԿԲ խորհրդի անդամն ասաց, որ նպատակը եղել է այն, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հեշտությամբ խոշոր գործարքներ իրականացնել: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ սա չի բերի կանխիկ դրամի շրջանառության մեծացման, քանի որ 100 հազար դրամի տպագրությունը բոլորովին կապ չունի ԿԲ կողմից իրականացվող ծրագրերի հետ, որոնց նպատակը կանխիկ դրամի շրջանառության տեսակարար կշռի նվազեցումն է եւ, ասենք, քարտերի օգտագործմամբ անկանխիկ գործարքների իրականացումը: