Նոր` 100 հազարանոց թղթադրամները, որոնք այսօրվանից դրվելու են շրջանառության մեջ, իր թեմատիկայով շարունակում են 50 հազարանոց թղթադրամի վրա պատկերված քրիստոնության թեման: Այս անգամ 100 հազարանոց թղթադրամի վրա պատկերված է լինելու Աբգար Ե թագավորը, որը եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքը: Ինչպես այսօր լրագրողներին ասաց ԿԲ դրամագետ Գեւորգ Մուղալյանը, դա նոր երեւույթ է դրամագիտության մեջ: Նա մի սրտաճմլիկ պատմություն պատմեց, ըստ որի, Աբգար Ե թագավորը հիվանդ է եղել, դիմել է Քրիստոսին եւ ստացել է մի կտավ, որը դիտելով ապաքինվել է:
Իսկ երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է ընտրվել Աբգար Ե թագավորը, որը այնքան էլ հայտնի թագավոր չէ, նաեւ տարբեր պատմաբանների հավաստամամբ ազգությամբ հայ չէ, ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանի պատասխանը շատ ուշագրավ էր. «Առավել հարմար թեկնածուն Աբգար Ե-ն էր»:
Նկատենք, որ Տիգրան Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո երկրում էապես մեծացել է կրոնի ազդեցությունը: Բացի դրամի վրա քրիստոնեական պատկերների հայտնվելուց, ոչ աշխատանքային են հայտարարվում նաեւ բոլոր տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրերը: NEWS.am-ի հարցին, թե արդյոք ԿԲ-ն չի ցանկանում դրամի վրա պատկերել նաեւ Հայաստանի նախաքրիստոնեական պատմությանը վերաբերող թեմաներ, Վ. Աբրահամյանը պատասխանեց, որ նոր, ավելի մեծ անվանական արժեքով դրամներ թողարկելու խնդիր այս պահին չկա:




























