Տնտեսական ճգնաժամը Հայաստանում խորանում է, ընդ որում՝ ահանգնացող տեմպերով՝ նման եզրահանգման է գալիս «Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը: «Հետաքրքիր է՝ իսկ ո՞ւր մնացին կառավարության «հակաճգնաժամային միջոցառումները»: ...Հիշում եք չէ՞, թե ինչ գեղեցիկ բառեր էր արտասանում վարչապետ Տիգրան Սարգսյանը. է՜լ «համակարգաստեղծ ոլորտ», է՜լ «տնտեսական շարժիչ ուժ»…եւ այդ ամենը՝ միայն նրա համար, որ օգտվի ճգնաժամային վիճակից ու պետության փողերը բաժանի իշխանական վերնախավին պատկանող բիզնեսներին: Փողերը բաժանվեցին, այդ բիզնեսմեններն իրենց հարցերը լուծեցին, ու մի քանի ամիս չանցած՝ նույն վարչապետը սկսեց խոսել այն մասին, որ շինարարության աճը փուչիկ էր:
Իսկ «էլիտար» շենքերն առ այսօր դատարկ են ու առայժմ միայն մի ֆունկցիա ունեն՝ Երեւանի կենտրոնին մեռյալ քաղաքի տեսք են տալիս: Բայց մի՞թե մեծ խելք էր պետք՝ հասկանալու համար, որ խորացող ճգնաժամի պայմաններում որեւէ մեկն այդ բնակարանները չի գնելու, առավել եւս՝ արհեստականորեն ուռճացված գներով: Լա'վ, հասկացանք, որ «օդից եկած» փողեր էին, բայց կարելի էր, չէ՞, դրանցով ինչ-որ կարեւոր խնդիրներ լուծել: Վերջին հաշվով՝ կառավարության միակ «գործառույթը» լափելը չի, այլ պարտականություններ էլ կան»,-նկատում է պարբերականը:





























