Jaguar Land Rover ալյանսը Սլովակիայում գործարան կկառուցի, որի համար 1 մլրդ ֆունտ սթեռլինգ (շուրջ 1.5 մլրդ դոլար) կծախսի: Բրիտանացիներն արդեն նապագիծը համաձայնեցրել են Սլովակիայի կառավարության հետ:

Նիտրա քաղաքում կառուցվելիք գործարանում շուրջ 2800 մարդ է աշխատելու: Շինարարությունը կմեկնարկի 2016 թվականին, իսկ առաջին ավտոմեքենաներն այստեղ կթողարկվեն 2018-ի վերջին: Տարեկան 150 հազար մեքենա կարտադրվի, սակայն հետագայում ծավալները կարող են ավելանալ:

Ըստ Motor-ի, այն մասին, որ բրիտանացիները պատրաստվում եմ Արեւելյան Եվրոպայում մեքենաներ արտադրել, հայտնի դարձավ մայիսին: Այն ժամանակ ենթադրվում էր, գործարանը կառուցվելու է Լեհաստանում կամ Հունգարիայում: Նախագծի անհրաժեշտությունը բացատրվում է նրանով, որ JLR-ի բրիտանական ձեռնարկություններն այլեւս ամբողջ հզորությամբ չեն աշխատում:

Սպասվում է, որ Սլովակիայում կարտադրեն հաջորդ սերնդի Land Rover Defender ամենագնացը, որը ներկայացվելու է 2018 թվականին: Մոդելն առնվազն 5 տարբեր մոդիֆիկացիա կունենա: