Երեւանի տաքսի ծառայություններից մեկի վարորդ` 50-ամյա Ռուբենը Հարությունյանը, արդեն երկու տարի է` աշխատանքների բերումով Նոր տարին մեքենայի մեջ է դիմավորում, իսկ հարազատներին հեռախոսով է շնորհավորում:

NEWS.am-ի հետ զրույցում Ռուբեն Հարությունյանը պատմեց, որ դեկտեմբերի վերջին երկու շաբաթները վարորդները գերծանրաբեռնված են աշխատում, իսկ դեկտեմբերի 31-ին «շունչ քաշելու ժամանակ չեն ունենում»:

Դեկտեմբերի 31-ին տաքսի ծառայության վարորդները ոչ թե շատ պատվերներ են ունենում, այլ հիմնականում փողոցների խցանումների պատճառով է, որ չեն հասցնում ժամանակին աշխատանքն ավարտել ու Նոր տարին տանը` ընտանիքի հետ դիմավորել:

«Մասնագիտությամբ ինժեներ եմ, բայց դե Հայաստանում մի քիչ դժվար է աշխատանք գտնելը, ստիպված արդեն հինգ տարի է` տաքսի եմ քշում: Դեկտեմբերի 31-ին մեկ ժամ` 24:00-01:00, ընդմիջում են տալիս, որ գնանք տուն ու Նոր տարին տանը նշենք: Բայց երկու տարի է` ինձ չի հաջողվում տանը դիմավորել` քաղաքի խցանումների պատճառով: Մինչեւ պատվերս վերջացնում եմ ու հասնում տուն` լինում է ժամը 12-ը: Կինս կատակում է, ասում է` այս տարի ամսի 31-ին շամպայն ու բաժակ է դնելու մեքենայիս մեջ, որ բացեմ ու զանգեմ իրենց, կենաց խմենք»,-ասաց Ռուբեն Հարությունյանը:

2014թ. Ամանորը վարորդը մեքենայի մեջ է դիմավորել` «Միկի մաուսի» հետ:

«Տուն էի վերադառնում, հազիվ խցանումներից պրծել էի, 24:00-ին 10 պակաս էր, Ամիրյանի վրա «Միկի մաուսը» կանգնեցրեց, մտածեցի կանգնեմ, եթե ճանապարհիս վրա ա, տանեմ, էս ժամին խեղճը մեքենա որտեղից է գտնելու: Նստեց, ասեց` Հալաբյան  գնանք, ասեցի` պրոբլեմ չունես, Միկի ջան, իմ ճանապարհին ա։ Պարզվեց` էդ շորերի տակ քսան տարեկանին մոտ աղջիկ էր, Նոր տարվա գիշերը գնացել էր փողով ինչ-որ երեխաների ուրախացնելու: Հասել էինք համարյա Օրբելի փողոց, սալյուտի ձայներ լսեցինք` ասի, Միկի ջան, Նոր տարին եկավ, շնորհավոր: Իրար ձեռք սեղմեցինք, շնորհավորեցինք, հետո զանգեցի ես իմ տնեցիներին, ինքն էլ իր: 24:30–ին հազիվ մտա տուն, կես ժամ մնացի տանը, մերոնց հազիվ հասցրի շնորհավորել ու դուրս եկա»,-պատմեց Ռուբեն Հարությունյանը:

Վարորդ Ռուբենը չի բողոքում իր աշխատանքից։ «Գոհ եմ, որ էս աշխատանքն էլ կա, գոնե օրվա հացի փող եմ վաստակում, սա էլ կարար չլիներ: Ոչինչ, որ Նոր տարին մեկ-մեկ մեքենայիս մեջ եմ դիմավորում, համ էլ իմ նման քչերն են կարողանում սենց դիմավորել…»։