Կիպրահայերն Ամանորի գիշերն անցկացնում են ընտանեկան հարկի տակ հարազատների հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կիպրոսի «Ազատ խոսք» համացանցային թերթի խմբագիր Երան Գույումճյանը։
«Սեղանին հիմնականում դրվում են հայկական ավանդական, կիպրական կամ այլ միջազգային խոհանոցի ճաշատեսակներ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը կիպրահայերն ընտանիքի հետ են դիմավորում Ամանորը՝ միմյանց առանձին ողջունելով եւ մաղթելով, որ Նոր տարին լինի առողջության, հաջողության տարի, բարեբեր եւ օրհնաբեր լինի»,- ասաց Երան Գույումճյանը։
Գույումճյանի խոսքով՝ կիպրահայերն իրենց տները զարդարում են առանձին բծախնդրությամբ եւ ճաշակով։ Այնուամենայնիվ, Կիպրոսի 3 հազարանոց հայկական համայնքը հատուկ ավանդույթներ չունի։ Երան Գույումճյանի կարծիքով՝ պատճառն այն է, որ այսօր արդեն շատ են խառն ամուսնությունները։
«Կիպրահայերն անպայման Ճրագալույցի եւ Սուրբ Ծննդյան պատարագներին մասնակցում են, սա արդեն ավանդույթ է դարձել։ Մեզ մոտ պատարագները մատուցվում են մեծ շուքով․ Ճրագալույցի գիշերը կամ երեկոյան հաճախ Սուրբ․ Աստվածածին եկեղեցու երգչախումբը շրջում է տներով եւ հայերի համար կատարում․ «Խորհուրդ մեծ եւ սքանչելին» եւ Սուրբ ծննդյան այլ երգեր»։
Նշենք, որ վերջին տվյալներով՝ Կիպրոսում բնակվում է 3000-3500 հայ։ Կիպրոսում բնակվող հայերը մեծ մասամբ զբաղվում են առեւտրով եւ արհեստով։ Կան նաեւ արվեստագետներ, փաստաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ, լրագրողներ, պետական ծառայողներ:
Համայնքը ղեկավարում են թեմի ազգային վարչական մարմինները:




























