Շվեյցարական Rinspeed ընկերությունը ներկայացրել է նոր պրոտոտիպ, որը ստացել է Etos անվանումը: Կոնցեպտ քարը, որը կառուցված է BMW i8 հիբրիդային սպորտքարի բազայով, կոմպլեկտավորված է ավտոնոմ կառավարման համակարգով ու դրոնով: Rinspeed Etos-ի հրապարակային առաջին ցուցադրությունը կկայանա հունվարի սկզբին Լաս Վեգասում՝ CES սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսում:

Ավտոպիլոտի ռեժիմում Etos-ի ղեկը հավաքվում է , այն ծալվում ու տեղավորվում է առջեւի պանելի ներսում: Պրոտոտիպը ունի շրջանային տեսանելիության համակարգ, որը գործում է բարձր թողունակության ութ խցիկների հաշվին, այլ մեքենաների հետ փոխգործունեության համակարգ ու հետեւի թվային հայելիներ, որոնց մեջ պատկերը երեւում է միայն անհրաժեշտության դեպքում, հայտնում է Motor-ը:

Դրոնի համար թռիչքուղին գտնվում է Rinspeed Etos-ի թափքի հետեւի մասում: Թռչող սարքը կարելի է օգտագործել օրինակ գնումները ուղիղ ավտոմեքենա հասցնելու կամ էլ մեքենան շարժման մեջ նկարելու համար: Վերջին դեպքում կարելի է նաեւ ուղիղ հեռարձակում կազմակերպել ընկերների ու ծանոթների համար:

Դրոնի համար հարթակը կառուցված է անհատապես կառավարվող 12 հազար լուսային դիոդներից: Ըստ ցանկության՝ լուսային տարրերից կարելի է կազմել նաեւ տեքստային հաղորդագրություն կամ էլ հարթակը վերածել «պարահարթակի»: