Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դեկտեմբերի 18-ի գիշերը զոհված 19-ամյա Սիդար Ալոյանը դեպքից ժամեր առաջ էր խոսել հոր հետ եւ հայտնել, որ վաղ առավոտյան հրաշքով է փրկվել հակառակորդի գնդակից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավար Ազիզ Մհոյանը, որի ազգականն է զոհված զինծառայողը:

«Երեկ առավոտյան զանգել էր հորն ու պատմել, որ հրաշքով է փրկվել. կասկան գլխից ընկել է, բայց բարեբախտաբար, վիրավորում չի ստացել: Ժամեր անց էլ իմացանք, որ զոհվել է... Զինկոմիսարիատից պատմեցին, որ պաշտպանական մարտի ընթացքում է զոհվել, արիաբար կռվել է Սիդարը»,- ասաց գյուղապետը:

Զոհված զինծառայողը կարատեիստ էր, մասնակցել էր միջազգային առաջնության:

«Դաշնամուր էլ էր նվագում: Շատ շնորհքով երեխա էր, համեստ, աշխատասեր: Բանակում էլ շատ լավ ծառայել է, ամռանն էլ արձակուրդ էր եկել, գոհ էր շատ ամեն ինչից»,- ասաց Ազիզ Մհոյանը:

Հիշեցնենք, որ ըստ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեկտեմբերի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները անցել են պաշտպանության և հակառակորդին հասցնելով կորուստներ (առնվազն 2 զոհ և վիրավորներ), ետ շպրտել իրենց ելման դիրքերը:

Ցավոք, պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիդար Իգորի Ալոյանը: