Կարին Հովհաննիսյանի եւ Ալեք Մուհիբյանի  «1915» հոգեբանական թրիլլերը Վանում անցկացված «Վանա լիճ» միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել: Միջոցառմանը ներկա քուրդ եւ թուրք մասնակիցները ֆիլմը ողջունել են բարձր ծափահարություններով:  

Ցուցադրության սկզբում ֆիլմը հակասությունների կենտրոնում էր, որովհետեւ տեղի հակահայ  հանրությունը քննադատել է փառատոնը եւ սպառնացել է կազմակերպիչներին: 

Ֆիլմի գործադիր պրոդյուսերը Հայաստանի նախկին արտգործնախարար,  «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն է: Գլխավոր դերերում հանդես են եկել Սիմոն Աբգարյանը եւ Անգելա Սարաֆյանը: Ֆիլմի երաժշտության հեղինակը Սերժ Թանկյանն է: Ֆիլմը հարգանքի տուրք է մատուցում  1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (այն հնարավոր է ներբեռնել www.1915themovie.com կայքից):

Աղթամարի «Սուրբ խաչ» եկեղեցու մոտ «Van TV»-ին տված հարցազրույցում Կարին Հովհաննիսյանն ընդգծել է.  «Սա Հայաստանի թագավորության հոգեւոր եւ խորհրդանշական սիրտն է: Մենք մեզ օտար չենք զգում այս հողում: Մենք մեզ զգում ենք ինչպես տանը»: Քուրդ լրագրողները, իրենց հերթին, հայ ժողովրդից ներողություն են խնդրել քուրդ եւ թուրք ժողովուրդների անունից, գրում է  «Asbarez»-ը: 

«1915» ֆիլմը ստեղծվել է Ազգային եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի եւ  IdeA հիմնադրամի հետ համագործակցությամբ: