Հունվարի 1-ից հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգի ենք անցնելու Հանրապետության այն տարածաշրջաններում, որտեղ պետությունը սոցիալապես անապահով քաղաքացիներին արդեն տրամադրած կլինի անվճար կցորդ սարքեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:

«Պետությունն ունի իր պարտավորությունները բացառապես սոցիալապես անապահով քաղաքացիների նկատմամբ: Այն մարդիկ, որոնք սոցիալապես անապահով չեն, իրենք պետք է որոշեն՝ ունեն ցանկություն հեռուստացույց նայելու, թե ոչ: Այն տարածաշրջաններում, որտեղ պետությունն իր պարտավորությունները չկատարի, այնտեղ անջատումները կհետաձգենք: Որտեղ մեր պարտավորությունը կատարած լինենք, թվային համակարգի կանցնենք»,- ասաց Գրիգոր Ամալյանը՝ նշելով, որ այսօրվա դրությամբ որեւէ տարածաշրջանին սարքավորում չեն տրամադրվել:

Պաշտոնյայի խոսքով՝ պետությունն այս պահին պատվիրել է 48 հազար 700 սարք եւ սպասում են, որ առաջիկա օրերին դրանք կբերվեն Հայաստան:

Դիտարկմանը, թե ընդամենը մեկ շաբաթ է մնացել, Ամալյանն արձագանքեց. «Անձամբ նախարար Գագիկ Բեգլարյանն է հավաստիացրել, որ ցնցումներով գործընթաց չենք իրականացնի, եւ ոչ մի քաղաքացի տեղեկատվություն ստանալու իրավունքից չի զրկվելու: Եթե պետությունն իր խոստումը չկատարի պահանջվող ժամկետներում, անջատումներ չեն լինի»: