Ռիո դե Ժանեյրոյում, Կոպակաբանա լողափին, անցկացվում է աշխարհի ամենամեծ ամանորյա տոնակատարություններից մեկը: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանում Բրազիլիայի Արտակարգ ու լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:
Դեսպանի խոսքով, հաշվարկված է, որ այնտեղ 1.5 մլն մարդ է հավաքվում: «Մարդիկ տոնական կերակուրներ ու ըմպելիքներ են բերում, Ռիոյի քաղաքապետարանը երաժշտությունն է ապահովում: Ժողովուրդը հավաքվում է երեկոյան ժամը 7-8 ին, իսկ հետո ՝ կեսգիշերին մեծ գեղեցիկ հրավառություն է լինում, որն ավելի քան 20 րոպե է տեւում, ես չեմ չափազանցնում»,- ժպտում է Էդսոն Մարինյո Դուարչտե Մոնտեյրոն:
Ամանորյա կերակրատեսակների ու ըմպելիքների ետսակետից, շարունակեց դեսպանը, ոչ մի յուրահատուկ բան չկա, որը հնարավոր կլիներ զուտ բրազիլական անվանել: «Բրազիլիան մի երկրը է, որն ընդունել է ամբողջ աշխարհի փախստականներին: Դրա համար էլ մենք Նոր տարին տոնում ենք նրանց ավանդույթներով: Եվ մենք խմում ենք գինի: Սա հետաքրքիր է, քանի որ մինչեւ վերջերս Բրազիլիան գինի խմող երկիր չէր: Գինի խմում էին միայն երկրի հարավում: Բնակչության մեծ մասը նախընտրում է գարեջուր: Բայց Սուրբ ծնունդին ու Ամանորի նախօրեին միշտ շատ գինի է լինում»,- պատմեց Էդսոն Մարինյո Դուարտե Մոնթեյրոն:




























