2015 թ. ՀՀ Մշակույթի նախարարությունը սկսել է հայկական ֆիլմերի թվայնացումը: Այս մասին դեկտեմբերի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
Փոխնախարարի խոսքով, արդեն 16 հայկական ֆիլմ ամբողջովին թվայնացված է: «Մեզ համար շատ կարևոր է պահպանել այդ ժառանգությունը, ու մենք 2016թ. կշարունակենք թվայնացումը»,- շեշտեց Արթուր Պողոսյանը: Հայաստանի կառավարությունը, շարունակեց նա, փորձում է արտոնյալ պայմաններ ապահովել կինոարտադրության համար: «Մենք խրախուսում ենք համատեղ կինոարտադրությունը»,- հավելեց Արթուր Պողոսյանը:
Ընդհանուր առմամբ 2015 թ. փոխնախարարի խոսքով, 15 կինոնախագիծ է իրականացվել ( չորսը դեռ ընթացքի մեջ է), որոնց շրջանակում նկարահանվել է 15 լիամետրաժ ու 10 կարճամետրախ ֆիլմ, 1 դեբյուտային ֆիլմ, 1 ուսանողական ֆիլմ: «Հայաստանի մարզերում ու Լեռնային Ղարաբաղում անց են կացվել «Հայկական էսքիզներ» ընդհանուր անվանումով կարճամետրաժ ֆիլմերի նկարահանման աշխատանքներ, նաև կայացել է «Անահիտ» մուլտֆիլմի շնորհանդեսը»,- նշեց Արթուր Պողոսյանը:



























