2015թ. նոյեմբերի 28–ին պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած 18-ամյա ժամկետային զինծառայող Գեւորգ Խաչատրյանի հարազատների համար ժամանակը կանգ է առել: Ամեն տարի մեծ ոգեւորությամբ Նոր տարին դիմավորող ընտանիքը չի էլ նկատել, որ արդեն 2016 թվականն է.  նրանք կարծես չեն ուզում դուրս գալ 2015թ.–ից, երբ իրենց Գեւորգը դեռ ողջ էր։

Գեւորգի մանկության ու պատանեկության մասին հիշողությունները մեկ օրում ասես ջնջվել են ծնողների հիշողությունից. մնացել է նրա հետ վերջին հանդիպումը զինվորական համագեստով, իրեն տեսության եկած ծնողներին տուն ճանապարհող արդեն կարոտած հայացքը, հրաժեշտի համբույրը ու վերջին բառերը։

Գեւորգի 16-ամյա քույրը` Սոնան, մինչեւ հիմա չի հասկանում` որտեղից եղբայրն այդքան ուժ գտավ իր մեջ, որ մահվանից 20 րոպե առաջ  զանգահարեց իրեն եւ այնպես հանգիստ եւ ուրախ խոսեց, որ քրոջ մոտ կասկած անգամ չառաջացավ, որ եղբայրը խնդիրներ ունի, առավել եւս, որ հաշված րոպեներից վերջ է տալու իր կյանքին։

«Ես շատ լավ եմ, մի քանի րոպեից դիրքեր եմ բարձրանալու...»,– ասել էր Գեւորգը։

Որդու կորուստը Գեւորգի երբեմնի երջանիկ ու հոգատար ծնողներին ամեն ինչի հանդեպ դարձրել է անտարբեր. իրենց առաջնեկին ու միակ որդուն 5 ամիս առաջ ողջ ու առողջ բանակ ճանապարհած ծնողների միակ նպատակն այսօր նրան ինքնասպանության հասցրածներին կամ սպանողներին պատժված տեսնելն է:

Ինքնասպանության վարկածին, այուամենայնիվ, հարազատները չեն հավատում։

 «Ինքը մամային շատ էր սիրում, մենակ նրա համար, որ կարար մամային էլ չտեսներ, էդ քայլին չէր գնա: Իր նման հավասարակշված մարդիկ շատ քիչ կան, երբեք չեմ հավատա, որ կարող էր ինքնասպանություն գործել»,-ասում է Սոնան:

16-ամյա աղջիկը չի հավատում, որ կգա մի օր, երբ Ամանորին նորից կզարդարի տոնածառը։  Ամանորը նրա համար Գեւորգի հետ անցկացրած ուրախ ժամանակն է, միասին զարդարած տոնածառը։

 «Շատ էր սիրում Ամանորը, մանավանդ, երբ երկուսով զարդարում էինք տոնածառը, մամայի, պապայի, հոպարի ու պապիկի հետ դիմավորում Նոր տարին: Բայց հիմա արդեն բոլորիս  համար ժամանակը կանգնել ա»,- պատմում է քույրը:

18-ամյա Գեւորգը դեռ շատ երազանքներ ու նպատակներ ուներ։ Նա դեռ պետք է բանակից գար, շարունակեր ուսումը, կատարեր մորը տված խոստումը` դառնար այնպիսի մարդ, որով ծնողները միշտ պետք է հպարտանային եւ ուրախանային...

Առաջին խոստումը Գեւորգն արդեն կատարել է` ծնողները նրանով կհպարտանան ամբողջ կյանքում, իսկ մորը միշտ ուրախացնելու խոստումը կատարել Գեւորգին հնարավորություն չտվեցին։ 

Ըստ Քննչական կոմիտեն տարածած հաղորդագրության, նախաննությամբ պարզվել է, որ ողբերգությունը սկսվել է կապիտան Ոսկանյանի կազմակերպած թղթախաղից։ Կապիտանը պայման է դրել, որ պարտվողը պետք է 7 օր ճաշարանի կերակուրի ավելցուկը հավաքի եւ կերակրի զորամասի մոտ գտնվող իրեն պատկանող անասնագոմում պահվող խոզերին։ Շարքայինները պարտվել են եւ կատարել պայմանը։ Դեպքի օրը Գեւորգը հեռախոս է խնդրել ծառայակիցներից, առանձնացել է, մի քանի զանգ կատարել, հեռախոսը վերադարձրել եւ հեռացել, ինչից հետո հնչել է կրակոց, Գեւորգին գտել են կզակին ստացած հրազենի վնասվածքից մահացած։ Քննությամբ նաեւ պարզվել է, որ շարքային Հարութ Մուրադյանը բռնության է ենթարկել Գեւորգին, ծաղրել, բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։

Կապիտան Մ.Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364.1-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը), 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) եւ 360-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը), ավագ լեյտենանտ Հ.Վարդեւանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ  հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ  հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը),  շարքայիններ Հ.Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364.1-րդ հոդվածի առաջին մասով (զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը), 359-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում (2 դրվագ), 360-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը), Ա.Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով:

Ա.Ոսկանյանի եւ Հ.Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,  իսկ Հ.Վարդեւանյանի եւ Ա.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ քննիչների միջնորդությունները դատարանի կողմից չեն բավարարվել: