Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի նախկին տեղակալ, Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մեղադրյալ Գնել Թեւոսյանի հոր՝ Զարմիկ Մարկոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:
Ըստ մեղադրական եզրակացության՝ գնդապետ Զարմիկ Մարկոսյանը որդու՝ նույն զորամասի կուրսանտ Գնել Թեւոսյանի՝ ինստիտուտում սովորելու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու նպատակով, պատասխանատու լինելով անձնակազմի զինվորական կարգապահության համար, զբաղվել է որդու հովանավորչությամբ: Մարկոսյանը չարաշահել է պաշտոնեական դիրքը. 2014թ. օգոստոս ամսից մինչեւ 2015թ հունվարի 28 ներառյալ հանձնարարել է ենթակա սպաներին, պարբերաբար, առանց համապատասխան փաստաթղթային ձեւակերպման, Գ.Թեւոսյանին մի քանի ժամ տեւողությամբ ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց եւ թույլատրել բացակայել զորամասի տարածքից:
Զարմիկ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա ծառայակիցները` կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքը, նրանք հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում զորամասի ննջարանում առանձին դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, իբր ինքնասպան է եղել։



























