Անցած տարվա հունվարի 29-ին սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով երկու կուրսանտի էլ է մեղադրանք առաջադրվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ կուրսանտներ Թելման Մխիթարյանը՝ որպես մարտկոցի հերթապահ, իսկ Խաչիկ Մինասյանը՝ օրապահ, 2015թ. հունվարի 28-ից 29-ը դրսեւորել են անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք, ինչն էլ առաջացրել է ծանր հետեւանք, այն է՝ նույն մարտկոցի կուրսանտներ Գ. Թեւոսյանի, Ն. Սահակյանի, Վ. Սահակյանի, Մ. Ազարյանի եւ Հ.Բարսեղյանի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, եւ Հ. Բարսեղյանը սպանվել է:

Թելման Մխիթարյանին եւ Խաչիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասով: Երկուսն էլ հանձնվել են հրամանատարության հսկողության:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա ծառայակիցները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքը, նրանք հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում զորամասի ննջարանում առանձին դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, իբր ինքնասպան է եղել։

Դատաքննությունն արդեն սկսվել է: