Պետք է ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանն ուղղված ջանքերը: Այս պահին լարվածության թուլացումը ԵԱՀԿ-ի համար առաջնային նպատակ է մնում։Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ-ում 2016թ. նախագահությունը ստանձնելու արարողության ժամանակ՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի առջեւ ելույթ ունենալիս, ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն, իր ջանքերն է գործադրելու ՄԽ համանախագահներին աջակցելու համար՝ հակամարտության համար միավորված լուծում գտնելու նպատակով։ Այդ ձգտումները պետք է ակտիվացնել»,- ասել է նախարարը։

«Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում հայ-ադրբեջանական սահմանին եւ հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Լարվածության թուլացումը առաջնային նպատակ է մնում։ Այդ պատճառով մենք աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ մշակելու հարցում»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Գերմանիան 2016թ. հունվարից ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը՝ ընդունելով այն Սերբիայից։