Լատվիայում Ադրբեջանի դեսպան Էլման Զեյնալովը հերքում է այն տեղեկությունները, որ Լատվիայում քրեական գործ է հարուցվել իր կնոջ՝ Նազիրա Զեյնալովայի հանդեպ։ Դեսպանի խոսքով՝ իր կինը վարորդական իրավունք ստանալու համար կաշառք չի տվել, այլ փորձել է ավտոտեսուչներին գումար նվիրել։

«Նա ինքնուրույն հանձնել է քննությունը։ Եվ միայն այն բանից հետո, երբ քննությունը ստացել է, որոշել է տեսուչին գումար տալ՝ որպես Նոր տարվա նվեր։ Եվ խոսքը ոչ թե 500, այլ ընդամենը 50 եվրոյի մասին է։ Հավանաբար տեսուչը վախեցել է, որ նա դեսպանի կին է, եւ այդ մասին տեղյակ է պահել Լատվիայի ՆԳՆ-ին, որի պաշտոնական ներկայացուցիչը կապ է հաստատել ինձ հետ եւ ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ տեսուչը ամեն բան սխալ է հասկացել։ Լատվիայի ԱԳՆ-ն ինձ վստահեցրել է, որ անհանգստանալու պատճառ չկա»,- ասել է նա ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ haqqin.az-ը հայտնել էր, որ Լատվիայի հակակոռուպցիոն գրասենյակը հետաքննում է Ադրբեջանի դեսպանի կնոջ շուրջ ստեղծված միջադեպը։ Նա փորձել էր 500 եվրո կաշառք տալ վարորդական իրավունք ստանալու համար։