Դեկտեմբերի սկզբին ինքնասպանության փորձ կատարած ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանն արդեն դուրս է գրվել հոսպիտալից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին զինծառայողի հարազատները:
Ռազմիկ Աբրահամյանն այժմ գտնվում է մայրական խնամքի տակ, դեռեւս որոշված չէ՝ նա ծառայության կվերադառնա, թե ոչ:
Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասից ժամը 12:15-ի սահմաններում կրծքավանդակի ձախ հատվածի հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռազմիկ Նվերի Աբրահամյանը: Նույն օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ռ.Աբրահամյանը տեղափոխվել է «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ, այնուհետեւ՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, պարտադիր ժամկետային զինծառայողներ Ա. Կարապետյանը, Ս. Մելքոնյանը եւ Վ. Տեր-Վարդանյանը կալանավորված են:
Զինծառայողը նամակ է թողել հորը՝ հայտնելով, որ ինքնասպանության է դիմում համածառայակիցների պատճառով:




























