Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտական մարտկոցի հրամանատար Դավիթ Դավթյանը մեղադրվում է անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Դավթյանը 2014թ. նոյեմբերի 17-ին կապիտան Արթուր Զարաֆյանից զեկույց է ստացել, որ կուրսանտներ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանն ու Վարազդատ Սաֆարյանը վիճաբանել են Տիգրան Մանասերյանի հետ եւ նրան հարվածել: Մարտկոցի հրամանատարը, սակայն, պատշաճ միջոցներ չի ձեռնարկել՝ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու, վերադաս հրամանատարությանը զեկուցելու ուղղությամբ եւ տվյալ ստորաբաժանումում ստեղծել է անպատժելիության մթնալորտ:
Դավիթ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավորն է Դավիթ Հարությունյանը: Դատական առաջին նիստը կկայանա հունվարի 20-ին:
Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատաքննությունը սկսվել է: Սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել:




























