Հունվարի 14-ին եւ լույս 15-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու ՀԱՆ-17 եւ ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:

Բացի վերոնշյալից, հունվարի 14-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ուժերը շփման գծի արեւելյան ուղղությամբ ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը եւ ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ: Արդյունքում սպանվել է առնվազն հակառակորդի երկու զինծառայող, խմբի մնացած անդամները դիմել են փախուստի:

Արձանագրված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ իրադրությանը եւ վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: