Ռիչմոնդի դքսերի ընտանեկան զարդերը, որոնց արժեքը մոտավորապես 700 հազար ֆունտ ստեռլինգ է (1 մլն դոլար) գողացվել են Մեծ Բրիտանիայի ամենահարուստ կալվածքներից մեկից` «Հուդվուդ հաուսից», որն անգլիական Արեւմտյան Սասեքս կոմսության Չիչիստեր քաղաքի մոտակայքում է գտնվում: Այդ մասին այսօր տեղեկացրել է Ասոշեյթեդ Փրես գործակալությունը:
Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել անհայտ գողերի հանդեպ, որոնք մոտավորապես 400 հազար ֆունտ արժողությամբ (575,5 հազար դոլար) ակնակուռ ապարոշ են գողացել, ինչպես նաեւ թանկարժեք քարերով վզնոց եւ մի քանի հին ձեռքի ժամացույց` Rolex եւ Girard-Perregaux: Իրավապահ մարմիններում նշել են, որ ընդհանուր առմամբ 40 իր է գողացվել, այդ թվում նաեւ` ադամանդներով մատանի, որն Անգլիայի եւ Շոտլանդիայի արքա Կառլ II-ը (1630-1685) նվիրել էր իր սիրուհուն Լուիզա Ռենե դը Կերուալին, որը նրանից որդի էր ունեցել` Չարլզ Լենոքսին, Ռիչմոնդի 1-ին դքսին:
Քննիչ Թիլ Սանդերսոնի խոսքով, «այդ բացառիկ եւ թանկարժեք առարկաների գողությունը իսկական հարված դարձավ լորդ Մարչի համար», որը հայտնի տոհմի ժառանգորդն է եւ XVII դարում կառուցված կալվածքի տերը: Ոստիկանությունը նաեւ աճուրդի տների հետ է կապ հաստատել գողացված գանձերը հայտնաբերելու համար: Տվյալ գործով արդեն ձերբակալվել է Հեմփշիրի կոմսության 26-ամյա բնակիչ, որը նաեւ միակ կասկածյալն է, հայտնում է ՏԱՍՍ-ը:


























