Հնդկաստանի ոստիկանությունը ուրբաթ չորս մաոյական գրոհայինի է վերացրել: Օպերացիան անցկացվել է երկրի կենտրոնական հատվածում` Բաստարի շրջանում (Չհաթթիսգարհի նահանգ), լրագրողներին տեղեկացրել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
«50 ոստիկանից բաղկացած ջոկատը հաջող օպերացիայի արդյունքում ոչնչացրել է չորս զինված մաոյականի», - հայտնել է նա: Ոստիկանության տվյալներով, օպերացիան սկսվել է հինգշաբթի երեկոյան համապատասխան հետախուզական տվյալների ստացումից հետո:
1980-ից ի վեր Հնդկաստանում մաոյական գրոհայինների հարձակման հետեւանքով ավելի քան 20 հազար մարդ է զոհվել, որոնց հիմնական մասը կազմում էին խաղաղ բնակիչները: Ամենամեծ թվով զոհեր եղել են 2010-ին, երբ բախումը 1,1 հազար մարդու կյանք էր խլել: 2014-ին հարձակումների զոհերի թիվը հասել է 600-ի: 2013-ի մայիսին Չհաթթիսգարհում մաոյականները, որոնց իշխանությունները ներառել էին ազգային անվտանգության հիմնական սպառնալիքների ցուցակում, վերջին տարիների ընթացքում մեկ խորոշագույն արտագրոհ էին իրականացրել:
Նրանք հարձակվել էին Հնդկական ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության շրջանային բաժանմունքի քաղաքական գործիչներին տեղափոխող շարասյան վրա: 24 մարդ էր զոհվել, այդ թվում նաեւ Չհաթթիսգարհում ՀԱԿ-ի բաժանմունքի ղեկավար Մահենդրա Կարման: Ստացված վերքերից մահացել էր նաեւ Վիդյա Չարան Շուկլան, որն Ինդիրա Գանդիի կառավարությունում տարբեր նախարարական աթոռներ էր զբաղեցրել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:



























