Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին պատկանող Roshen կորպորացիան վաճառքի է հանել ռուսաստանյան ֆաբրիկան՝ այն գնահատելով 200 մլն դոլար: Ըստ Liga.net-ի, այս մասին հայտարարել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Մոսկալեւսկին:

«Մենք այն (Լիպեցկի ֆաբրիկան - խմբ.) հանել ենք վաճառքի: Բայց հենց որ արեցինք դա, իրական գնորդներն ընդհատակ անցան»,- ասել է Մոսկալեւսկին:

Ավելի վաղ ռուսական քննիչները քրեական գործի հետաքննության ընթացքում ընկերության Լիպեցկի ֆաբրիկայի գույքի նկատմամբ 2 մլրդ ռուբլու կալանք էին սահմանել: Խոսելով այդ մասին՝ Մոսկալեւսկին ասել է. «Ինչ-որ քրեական գործ են հարուցել, ինչը նորմալ է Ռուսաստանի համար: Նրանք ընդհանրապես կարծում էին, որ մենք տարօրինակ բիզնես ենք վարում, բայց պարզվեց, որ գործ հարուցելու բան չկա, այդ պատճառով ամռանը (2014 թվականի - խմբ.) կալանք սահմանեցին մեր տարածքի նկատմամբ: Հույս ունեն, որ կարող են թաղել Ռուսաստանում մեր բիզնեսը: Բայց այն ոչ մի կերպ չի մեռնում: Ես ոչինչ չեմ պատրաստվում նրանց անվճար տալ, իսկ նրանք չեն դադարում մեզ «ինքնասպանության» հասցնելու փորձերը: Այնտեղ մենք բանտարկյալի նման ենք, իսկ այստեղ ասում են, որ մենք թշնամիների մոտ կոնֆետ ենք արտադրում»: