Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մտադիր է երկրի քաղաքացիությունից զրկել բոլոր այն վրացիներին, որոնք Ուկրաինայում պետական պաշտոններ են զբաղեցնում: Այս մասին «Գլավկոմ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայում Վրաստանի դեսպան Միխայիլ Ուկլեբան:
«Վրաստանի Սահմանադրությունում հստակ նշված է, որ Վրաստանի քաղաքացին չի կարող այլ երկրի քաղաքացի լինել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Վրաստանի քաղաքացիությունն այլ երկրի քաղաքացու տրվում է պետության առջեւ ունեցած վաստակի համար»,- հայտարարել է Ուկլեբան:
2015 թվականի դեկտեմբերի 4-ին Մարգվելաշվիլին հրամանագիր էր ստորագրել Միխայիլ Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին՝ հայտարարելով, որ Ուկրաինայի քաղաքացիություն ընդունելով՝ նախկին նախագահը վիրավորանք է հասցրել երկրին եւ նախագահի ինստիտուտին:
Սահակաշվիլին ուկրաիական Օդեսայի նահանգապետ է նշանակվել անցյալ տարվա մայիսին: Նրանից բացի, Ուկրաինայի Ազգային ոստիկանության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է Խաթիա Դեկանոիձեն, իսկ նախարարների կաբիների կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով խորհրդական է աշխատում Զուրաբ Ադեիշվիլին: Օդեսայի ոստիկանությունն էլ ղեկավարում է Վրաստանի ՆԳ նախարարի նախկին տեղակալ Գեորգի Լորդկիպանիձեն:



























