Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների հետագա սրացում հնարավոր է, ընդ որում՝ ցանկացած մակարդակի, ընդհուպ մինչեւ ուղղակի պատերազմի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը:

Ըստ քաղաքագետի, քանի որ ներկայում հարաբերություններն առավելագույնս վատթարացել են, ապա ցանկացած անկանխատեսելի բան կարող է անվերահսկելի սրացման սկիզբ դառնալ: «Քանի դեռ Ռուսաստանում իշխանության գլուխ Պուտինն է, իսկ Թուրքիայում՝ Էրդողանը, որեւէ հաշտեցում արդեն չի լինի: Իսկ սրացումը հնարավոր է ցանկացած սցենարով»,- ընդգծեց Ալեքսանդր Խրամչիխինը:

Հարցին, ինչպիսի՞ն կլինի Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումը պատերազմի դեպքում, քաղաքագետը պատասխանեց. «Ամերիկացիները կսատարեն Թուրքիային, այսպես ասած, խոսքով, որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի, սակայն որեւէ պատերազմի, եթե այն սկսվի, նրանք չեն միջամտի»:

Հիշեցնենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական ՌՕՈՒ-ն Սիրիայի ու Թուրքիայի սահմանին խոցեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը: