Հաագայում հատուկ դատարան են ստեղծելու, որը քննելու է Կոսովոյի պատերազմի ժամանակ իրականացված հանցագործությունները: Այս մասին հաղորդել է Նիդեռլանդների ԱԳ նախարարությունը:

«Դատարանը քննելու է ենթադրյալ հանցագործությունները, որոնք 1999-2000 թվականներին Կոսովոյի ազատագրության բանակի անդամներն իրականացրել են էթնիկ փոքրամասնությունների եւ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ»,- պարզաբանել են նախարարությունում:

Կոսովոյի սահմաններից դուրս այդպիսի դատարանի ստեղծումը կապված է  «հարցի զգայնության» հետ: Միաժամանակ, դատարանը գործելու է Կոսովոյի օրենքներին համապատասխան: Դա նշանակում է, որ դատարանը ոչ թե միջազգային տրիբունալ է լինելու, այլ Կոսովոյի ազգային դատարան, որն արդարադատություն է իրականացնելու այդ երկրի սահմաններից դուրս: Դատարանը կսկսի գործել այս տարվա ընթացքում, սակայն առավել հստակ ժամկետներ դեռեւս հայտնի չեն:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, սերբական լրատվամիջոցները նշել են, որ հետաքննությունների հիմքում կլինեն փաստեր, որոնք ներկայացված են Եվրախորհրդի Խորհրդարանական հատուկ զեկուցող Դիք Մարտիի զեկույցում: Նա սերբական Կոսովոյի երկրամասի ալբանական իշխանություններին մեղադրել է թմրամիջոցների եւ մարդկային օրգանների ապօրինի առեւտրի մեջ: