Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուի Splendid հյուրանոցում պատանդներին ազատելու գործողությունն ավարտված է, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters–ը:
Գործակալության տվյալներով, ազատվել են 126 պատանդներ: Նաեւ երկրի անվտանգության նախարարը հայտնել է, որ գործողության արդյունքում սպանվել են երեք գրոհայիններ: Նրա խոսքով նրանցից մեկն արաբական ծագում ունի, իսկ մյուս երկուսը՝ սեւամորթ աֆրիկացիներ են:
Նա նաեւ հավելել է, որ մայրաքաղաքի այդ թաղամասում անվտանգություն ապահովելու համար գործողությունը շարունակվում է Splendid-ի կողքին գտնվող մեկ այլ հյուրանոցում:
Ավելի վաղ Բուրկինա Ֆասոյի իրավապահ մարմինների բարձրաստիճան աշխատակիցը հայտնել էր, որ իսլամիստ գրոհայինները, որոնք զավթել են հյուրանոցը, ականապատել են շենքի վերեւի հարկերը:
Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուի սրճարանի ու հյուրանոցի վրա հարձակվել էին իսլամիստ գրոհայինները: Նրանք զավթել էին շենքը, նաեւ պատանդ վերցրել այնտեղ գտնվող մարդկանց: Հարձակման համար պատասխանատվություն է ստանձնել «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորումը, որն արգելված է Ռուսաստանում ու աշխարհի այլ երկրներում:



























