Թայվանում կղզու ղեկավարի ընտրություններում հաղթանակ է տանում ընդդիմադիր Ժողովրդավարական առաջադեմ կուսակցությունից առաջադրված Ցայ Ինվենը:
Ինչպես հայտնում է TVBS հեռուստաալիքը, 1.8 մլն ձայների հաշվարկից հետո առաջատար է Ցայ Ինվենը, որն այս պահին հավաքել է ընտրողների ձայների 54.87 տոկոսը: Երկրորդ տեղում է Գոմինդան իշխող կուսակցության ներկայացուցիչ Չժու Լիլունը (Էրիկ Չուն)՝ 34.55 տոկոս ձայնով:
Ընտրատեղամասերը բացվել էին տեղական ժամանակով ժամը 8:00-ին, փակվել՝ 16:00-ին: Համաձայն Թայվանի օրենսդրության՝ ընտրության իրավունք ունեն 20 տարին լրացած քաղաքացիները, փոխանցում է RIA Novosti-ն:
Բացի այդ, զուգահեռաբար ընթացել են տեղական օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի, 113 անդամների ընտրությունները:
Չինաստանի կենտրոնական կառավարության եւ Թայվան կղզի-նահանգի կառավարության միջեւ պաշտոնական հարաբերությունները խզվել էին 1949թ., երբ Չինաստանի կոմունիստական կուսակցության դեմ քաղաքացիական պատերազմը տանուլ տված Գոմինդան կուսակցությունը՝ Չան Կայշիի գլխավորությամբ, տեղափոխվել էր Թայվան: Գործնական եւ ոչ պաշտոնական հարաբերությունները Չինաստանի հետ վերականգնվել էին 1980-ական թթ. վերջին:



























