2007թ. «Ակոս» թերթի գրասենյակի առջեւ գնդակահարված Հրանտ Դինքի կորստից առաջացած բացը չի կարող լրացվել, չնայած հիմա կան շատ երիտասարդներ, որոնք պատրաստ են խոսել քաղաքական հարցերի մասին: Այդ մասին թուրքական Today’s Zaman-ին հայտնել է «Ակոս» հայկական շաբաթաթերթի նոր գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը:
«Ոչ ոք չի կարող լրացնել Հրանտ Դինքի կորստից առաջացած բացը: Այդուհանդերձ, երիտասարդ սերունդն այժմ ավելի է հետաքրքրվում համայնքին վերաբերվող քաղաքական հարցերով: Հիմա կան շատ երիտասարդներ, որոնք պատրաստ են խոսել քաղաքական հարցերի մասին: Դա առողջ գործընթաց է, որ ավելի շատ մարդիկ են տարբեր կարծիքներ հայտնում: Այնուամենայնիվ, վախն ու մեկուսացումը արգելափակում են մեխանիզմները, որոնցով այդ մարդիկ կարող են հավաքվել եւ միացյալ կարծիք հայտնել: Թերեւս, մեզ մի քանի տարի է անհրաժեշտ այդ բանն անելու համար»,- ասել է Քոփթաշը:





























