Այն ժամանակը, երբ Եվրոպան կայուն եւ կանխատեսելի էր թվում, մոտեցել է ավարտին, այժմ մայրացամաքում իրավիճակն ավելի նմանվում է միջնադարյանի, գրում է Wall Street Journal-ը:
Մինչեւ 2009 թվականը, երբ սկսվեց Եվրամիության պարտքային ճգնաժամը, Եվրոպայի քաղաքական եւ տնտեսական ուրվագծերը բավականին պարզ էին: Սառը պատերազմի ընթացքում երկու հստակորեն գծագրված բլոկ էր պահպանվում: Դրանց փոխարինելու եկան ինտեգրացիան, սահմանների բացակայությունը եւ միասնական տարադրամը, նշում է պարբերականը:
Այսօր պարզ է դառնում, որ ձախողելով միասնական եւ ամբողջական տարածք ստեղծելու փորձը` Եվրոպան վերադառնում է այնպիսի ժամանակներ, երբ մայրցամաքում իշխում էին ցանուցիր պետություններ` պաշտպանելով իրենց առանձին շահերը, գրում է հոդվածի հեղինակը: Եվրամիության քաղաքականությունը իր կենտրոնացմամբ եւ հեռակա բյուրոկրատիայով ոչ միայն չկարողացավ իրականություն դարձնել միասնական Եվրոպայի գաղափարը, այլեւ ի վերջո հանգեցրեց քաղաքացիների զանգվածային դժգոհության եւ ազգայնական տրամադրությունների աճի, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Աշխարհագրական պատնեշները, որոնք շրջապատում էին Եվրոպան եւ հաջողությամբ գործում վերջին ժամանակաշրջանում, այլեւս չեն օգնում եւ Ալժիրից մինչեւ Լիբիա ամբողջ Հյուսիսային Աֆրիկայից` միլիոնավոր ներգաղթյալներ մայրցամաք են լցվել ավելի լավ կյանք փնտրելով: Ընդ որում Բալկանները դարձյալ փախստականների չդադարող հոսքի աղբյուր են դարձել, որոնք փախչում են Իրաքում եւ Սիրիայում վարչակազմերի փլուզման հետեւանքներից, նշում է Wall Street Journal-ը:
Պատմությունը Եվրոպայի հետ չար կատակ խաղաց. երկար տարիների ընթացքում այն հնարավորություն ուներ բարեկեցիկ ապրել եւ զարգացնել մարդու համընդհանուր իրավունքների մասին իր բարձր իդեալները`ներառյալ Եվրոպայում ապաստան ստանալու իրավունքը միայն նրա շնորհիվ, որ իր սահմաններին բռնաճնշող վարչակարգեր էին իշխում, որոնք իրենց քաղաքացիներին երկրի ներսում պահում էին դաժան վերահսկողության տակ:
«Իսկ այժմ, երբ Եվրոպան մոտ է փլուզմանը, վերածվում է ուշ շրջանի Սրբազան Հռոմեական Կայսրության նման մի բանի` չկապակցված, բազմազգ կոնֆիգուրացիայի, որը չնայած անունով կայսրություն է եղել, բայց երբեք այդպիսին չի եղել ըստ էության եւ բավականին թշվառ գոյություն է քարշ տվել մինչեւ իր փլուզման պահը», — եզրակացնում է հոդվածի հեղինակը:



























