Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը դեմ է Հայաստանն ու ԼՂՀ-ն` որպես մեկ ամբողջություն ներկայացնող նոր քարտեզների նախաձեռնությանը: Այս առնչությամբ, Կենտրոնը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Արձագանքելով ՀՀ կրթության եւ գիտության նախարարության երաշխավորությամբ` հանրակրթական դպրոցներին Հայաստանն ու ԼՂՀ-ն` որպես մեկ ամբողջություն ներկայացնող «Հայաստանի Հանրապետություն. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ֆիզիկական եւ վարչական քարտեզներ տրամադրելու փաստին, «Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը» նշում է.

1. Լեռնային Ղարաբաղի հանրությունը 1991թ. դեկտեմբերի 10-ի համահանրապետական հանրաքվեով հռչակել է իր անկախությունը, իսկ 2006թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական սահմանադրական հանրաքվեով` ամրապնդել ԼՂՀ իրավական կարգավիճակը:

2. Լեռնային Ղարաբաղի հանրությունն այդ ինքնորոշման միջոցով քվեարկել է անկախ պետություն ունենալու օգտին, ոչ թե Հայաստանին միանալու կամ վերամիավորվելու օգտին:

Ելնելով վերը նշված իրավական փաստերից ու հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղը` որպես առանձին անկախ միավոր դիտարկելու քաղաքական նպատակահարմարությունը, անթույլատրելի ենք համարում ՀՀ-ն ու ԼՂՀ-ն` որպես մեկ ամբողջություն ներկայացնող նոր քարտեզների տարածման նախաձեռնությունը»: