Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը քննել է վերջին օրերին Երեւանում եւ այլ բնակավայրերում արձանագրված շաքարավազի գների զգալի աճը:

Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ, քննելով այս հարցը, հանձնաժողովը եկել է եզրակացության, որ «իրականացված օպերատիվ հետազոտության համաձայն, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով աշխարհում շաքարավազի արտադրության համար հումքի խոշոր մատակարար Հնդկաստանում շատ ցածր բերքատվություն է արձանագրվել այս տարի, ինչի հետեւանքով միջազգային շուկայում շաքարավազի գինը բարձրացել է: Մյուս կողմից, Հայաստանում այս գործոնին ավելացել է նաեւ տարադրամի արժեւորման փաստը, եւ արդյունքում շաքարավազի գինը մանրածախ առեւտրի կետերում (ընդհանուր հարկման ռեժիմով աշխատող) բարձրացել է 10-20 դրամով»:

Հանձնաժողովը նաեւ նշել է, թե չի համարում, որ շուկայում ստեղծված իրավիճակում մրցակցային օրենսդրության խախտումներ կան: «Ամեն դեպքում շուկայի զարգացումները խիստ վերահսկողության տակ են, եւ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր», ասվում է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:

Ի դեպ, դժվար թե հանձնաժողովն ինչ-որ խախտումներ գտներ, քանի որ Հայաստան շաքարավազ է ներմուծում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, իսկ նման «ուժեղ» անձանց դեմ հանձնաժողովները միշտ էլ թույլ են: