Հայաստանն ու Իրանը նախապատրաստվում են ազատ առեւտրի մասին համաձայնագիր ստորագրել։ Այս լուրը օրերս տարածել են իրանական լրատվամիջոցները, այնինչ հայկական կողմից պաշտոնական ոչ մի տեղեկատվություն չկա։ Սա վկայում է այն մասին, որ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի Թեհրան կատարած այցի ընթացքում նման համաձայնագիր հազիվ թե կնքվի, ինչպես հաղորդել էր IRNA գործակալությունը։ Առավել հավանական է, որ նման համաձայնագիր կնքվի հոկտեմբերին, երբ Թեհրան կայցելի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Ազատ առեւտրի մասին համաձայնագրի նախաձեռնությունը, որքան էլ տարօրինակ է, գալիս է Թեհրանից։ «Տարօրինակ» է այն առումով, որ Իրանը փակ տնտեսական համակարգ է՝ պետական սեփականության գերակշռությամբ։ Պետությունը վերահսկում է նաեւ արտաքին առեւտուրը, այսինքն՝ առանց համապատասխան թույլտվության անհնար է Իրանում ներդրումներ կատարել կամ դեպի Իրան արտահանում կազմակերպել: Տնտեսության վերահսկման ոլորտում մեծ դերակատարում ունեն իսլամական կազմակերպությունները:
Նշենք, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիր ստորագրվել էր դեռ 2009 թ. ապրիլին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թեհրան կատարած այցի ընթացքում։ Սակայն այդ համաձայնագրի տեխնիկական մանրամասների համաձայնեցումը հետաձգվեց։ Հավանաբար՝ դեր է խաղացել ճգնաժամը, երբ Հայաստանի կառավարությունը «գլուխ քորելու» ժամանակ չուներ եւ հիմնական ուշադրությունը բեւեռել էր Իրանի նկատմամբ անբարյացակամ տրամադրված միջազգային կառույցներից վարկերի ստացման վրա։
Այն հանգամանքը, որ վերջնական համաձայնագրի ստորագրման համար առավել նախաձեռնողական է իրանական կողմը, որը, կարելի է ասել, նույնիսկ շտապեցնում է Երեւանին, վկայում է այն մասին, որ Թեհրանը լուրջ սպասելիքներ ունի այդ համաձայնագրից։ Հիշեցնենք, որ այս տարվա հունիսից Իրանի դեմ գործում են ՄԱԿ-ի, Եվրամիության եւ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները։ Սակայն քիչ հավանական է, որ Հայաստանը Իրանի համար պատուհան կբացի Արեւմուտքի էմբարգոն հաղթահարելու համար։ Ավելի շուտ՝ տնտեսապես հզորացող Իրանը փնտրում է նոր շուկաներ եւ տնտեսական համագործակցության հեռանկարներ, ինչը կարող է օգտւագործվել նաեւ քաղաքական ազդեցությունը ընդլայնելու համար։ Չմոռանանք, որ իր չափերով Իրանն աշխարհի խոշորագույն տնտեսությունների քսանյակում է, այն Արեւմտյան Ասիայի, իսլամական աշխարհի եւ ՕՊԵԿ-ի խոշորագույն տնտեսությունն է:
Առեւտրային սահմանափակումների պատճառով հայ-իրանական տնտեսական կապերը այնքան էլ բարձր մակարդակի վրա չեն։ Նույնիսկ Թուրքիայի հետ, փակ սահմանների պայմաններում, Հայաստանն ունի ավելի մեծ ապրանքաշրջանառություն։ 2009թ. Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 153,4 մլն դոլար, այսինքն՝ Իրանը Հայաստանի թվով 6-րդ առեւտրային գործընկերն է։ Այս տարվա յոթ ամիսներին երկու երկրների առեւտրաշրջանառությունը կազմել է 113 մլն դոլար, այդ թվում՝ Հայաստանից Իրան արտահանումը՝ 13 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 99,7 մլն դոլար։ Վերջին շրջանում իրանցի գործարարները Հայաստանում ամենաշատը հետաքրքրվել են ոչխարների գնմամբ՝ դրանք վերաարտահանելով Սաուդյան Արաբիա։
Սամվել Ավագյան





























