2009 թ առաջին կիսամյակի ընթանցքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 359 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 426.5 մլրդ դրամ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ եկամուտներն ու ծախսերն ապահովել են ՀՀ կառավարության կողմից ճշտված իննամսյա ծրագրի համապատասխանաբար 67.1 եւ 70.3 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 39.9 տոկոսով, ծախսերի գծով` 47.6 տոկոսով:

2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 13.3 տոկոսով կամ 55 մլրդ դրամով: Մասնավորապես` 18.1 տոկոսով (61.5 մլրդ դրամով) նվազել են հարկերն ու տուրքերը եւ 3.1 տոկոսով՝ պաշտոնական դրամաշնորհները, որոնք կազմել են ավելի քան 2.7 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում պարտադիր սոցիալական ապահովության վճարները եւ այլ եկամուտներն աճել են համապատասխանաբար 1.7 մլրդ դրամով (3.2 տոկոսով) եւ 4.8 մլրդ դրամով (31.5 տոկոսով):

Հաշվետու ժամանակահատվածում արտաքին դոնորների կողմից տրամադրվել են 242.5 մլրդ դրամի վարկային միջոցներ, որից 185.1 մլրդ դրամը` ՌԴ կառավարության, իսկ 57.4 մլրդ դրամը` Արժույթի միջազգային հիմնադրամի: