Երեւանի կոնյակի գործարանը («Արարատ» ապրանքանիշ) սեպտեմբերի 15-ից սկսում է խաղողի մթերումները։ Այդ մասին սեպտեմբերի 14-ին հրավիրած ասուլիսում հայտարարեց գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը։ Արարատյան դաշտում մթերման գին է սահմանվել 1 կգ-ի համար 130 դրամը (մոտ 35 ցենտ), իսկ Տավուշում՝ 120 դրամը (մոտ 33 ցենտ): Նախորդ տարվա համեմատ մթերման գները չեն փոխվել։
ԵԿԳ-ն, ընդհանուր առմամբ, նախատեսում է մթերել մոտ 29 հազ. տոննա կամ հանրապետությունում արտադրվող խաղողի մոտ մեկ հինգերորդ մասը։ Ա. Գրիգորյանի խոսքով՝ իրենց բավարար էր նույնիսկ 6000 տոննան, սակայն որոշվեց մթերման ծավալները նախորդ տարվա համեմատ էապես չկրճատել, որպեսզի խաղողագործությունը «չմահանա»:
Պայմանագրեր են կնքված 5600 խաղողագործների հետ, որոնք ներկայացնում են 6400 ֆերմերային տնտեսություններ։ Ա. Գրիգորյանը խոստացավ, որ մթերումները կանցկացվեն ամենաբարձր մակարդակով, գյուղացիներին նախապես կհայտնվեն այն օրերը, երբ պետք է խաղողը հանձնեն։ Գումարը նրանց կվճարվի օրացուցային 10 օրվա (համարժեք է բանկային 1 շաբաթին) ընթացքում։
Թեեւ այս տարի սպասվում է խաղողի ռեկորդային բարձր բերք, բնակլիմայական պայմանները որոշ շրջաններում լուրջ վնաս են հասցրել խաղողի տնկիներին։ Ա. Գրիգորյանն ասաց, որ կարկուտը Տավուշի մարզում հիմնովին վնասել է բազմաթիվ այգիներ, որոնցում այս տարի բերք չի լինի, իսկ հաջորդ տարի՝ «Աստված գիտի»: Հատկանշական է, որ ԵԿԳ-ն այդ այգիների տերերին որպես կանխավճար հանձնել էր 6-ական մլն դրամ (մոտ 16,4 հազ. դոլար)՝ որպեսզի այգիների մշակման աշխատանքները կատարվեն լրիվ ծավալով։ Այդ գումարները գյուղացիները պետք է վերադարձնեին բերքի ձեւով, սակայն այս տարի ի վիճակի չեն լինի։ ԵԿԳ-ն որոշել է բոլոր այդ պարտքերը «դուրս գրել»:




























