Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանն այսօր` սեպտեմբերի 14-ին մամուլի ասուլիսում «օրենքի խախտում» եւ «կրիմինալ» է որակել Հայաստանի սահմաններից դուրս հայկական կոնյակի շշալցման փորձերը։ Հիշեցնենք, որ խոսքը գնում է Գագիկ Ծառուկյանի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջեւ պայմանավորվածությունների շրջանակներում բելառուսական Վիտեբսկ քաղաքում հայկական կոնյակի արտադրություն սկսելու մտադրությունների մասին։
Ըստ Ա. Գրիգորյանի՝ այլ երկրներում կարելի է վաճառել կոնյակի սպիրտ, բայց բոլոր դեպքերում, դրանից պատրաստված խմիչքը «հայկական կոնյակ» կոչվելու իրավունք չունի։ «Հայաստանում կա սպիրտի ավելցուկ, քանի որ կոնյակը լավ չի վաճառվում։ Ես էլ այսօր պատրաստ եմ լավ գնով սպիրտը վաճառել, բայց հայկական կոնյակ կարելի է համարել միայն այն խմիչքը, որ արտադրված է խաղողի որոշակի սորտերից եւ շշալցված է Հայաստանում։ Ոչ ոք չի կարող հայկական կոնյակ շշալցել Հայաստանից դուրս, դա օրենքի խախտում է, դա կրիմինալ է»,- ասաց Ա. Գրիգորյանը։
Նա նաեւ հերքեց լուրերը, որ ԵԿԳ-ն պատրաստվում է Վիտեբսկի գործարանին սպիրտ առաքել, քանի որ՝ «չենք պատկերացնում, թե ինչ բրենդ են լցնելու»: Ա. Գրիգորյանը նաեւ լուրջ չի համարում Բելառուսի մտադրությունները հայկական կոնյակ արտադրելու առումով։ «Երկու տարի առաջ էլ որոշել էին՝ ինչո՞ւ գնալ Ավստրիա դահուկ քշելու, եթե կարելի է տեղում սար ստեղծել։ Հետո որոշեցին՝ ինչո՞ւ 60 մլն դոլարի բանան ներկրել, եթե կարելի է բանանը տեղում արտադրել»,- պարզաբանեց ԵԿԳ տնօրենը։





























