Ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը, որը 2009թ. հուլիսի 31-ին Թբիլիսիի Գլդանի №8 մեկուսարանից տեղափոխվել էր Ռուսթավիի №2 ընդհանուր ռեժիմի գաղութ, օգոստոսի 21-ին նորից տեղափոխվել է` այս անգամ արդեն Ռուսթավիի №6 խստացված ռեժիմի գաղութ, որտեղ պատիժ են կրում ծանր եւ հատկապես ծանր հանցագործություն կատարած անձինք:
«Երկիր» միությունը հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ վրացական իշխանությունները, փոխանակ ապահովելու ջավախահայ քաղաքական ակտիվիստի անվտանգությունը, էլ ավելի են վտանգում այն` տեղափոխելով նրան մի հաստատություն, որտեղ պատիժ են կրում ծանր եւ հատկապես ծանր հանցագործություն կատարած անձինք:
«Վահագն Չախալյանի նկատմամբ բանտային ուղղակի եւ անուղղակի ճնշման ուժեղացմանն ուղղված այս քայլով վրացական իշխանությունները նաեւ հույս ունեն կոտրել դատարանում պայքարը շարունակելու նրա վճռականությունը, քանի որ դատավարության ընթացքում ավելի ու ավելի է բացահայտվում քրեական գործի ամբողջովին շինծու բնույթը»,- նշում է միությունը եւ վրացական իշխանություններից պահանջում անհապաղ դադարեցնել Վահագն Չախալյանի անձի նկատմամբ բանտային ճնշումները եւ երաշխավորել նրա անվտանգությունը` տեղափոխելով նրան մինչեւ բողոքարկման ամբողջ գործընթացի ավարտը (այդ թվում` նաեւ վերադաս ատյաններում) բանտարկության նախկին վայր` Գլդանի №8 մեկուսարան:
«Երկիր» միությունը Վրաստանի հանրային պաշտպան Սոզար Սուբարիին, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին խնդրել է գործուն միջոցներ ձեռնարկել ջավախահայ քաղաքական ակտիվիստի նկատմամբ վրացական իշխանությունների կողմից այս ճնշումների նոր ալիքը անհապաղ դադարեցնելու եւ նրա անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Չախալյանն ակնհայտ քաղաքական մեղադրանքներով դատապարտվել է 10 տարվա ազատարզկման:




























